Ցավոտ սերմնաժայթքումը կամ օդինօրգազմիան սերմնաժայթքման խանգարումների տեսակ է: Նորմայում, սեռական ակտի ավարտին տղամարդկանց մոտ տեղի է ունենում սերմնաժայթքում, որը պետք է հաճույք պատճառի: Սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել ցավոտ: Տղամարդկանց մինչև 10% - ը կյանքի ընթացքում ունենում են ցավոտ սերմնաժայթքում: Ցավոտ սեռական ակտը կարող է բերել սեռական հարաբերություններից խուսափման և որոշ հագեբանական խնդիրների:
Որո՞նք են ցավոտ սերմնաժայթքման առաջացման պատճառները:
Ցավոտ սերմնաժայթքում կարող է դիտվել մի շարք հիվանդությունների ժամանակ՝
- Միզուկի բորբոքում – ուրեթրիտ:
- Սեռավարակներ:
- Շագանակագեղձի ադենոմա – շագանակագեղձի բարորակ գերաճ:
- Պրոստատիտ – շագանակագեղձի բորբոքում, որի 3 ենթատեսակները՝
Սուր պրոստատիտ:
Քրոնիկ պրոստատիտ:
Քրոնիկ կոնքային ցավի համախտանիշ:
- Սերմնապարկերի բորբոքում – վեզիկուլիտ:
- Սերմնապարկերի քար:
- Էյակուլյատոր ծորանի նեղացում:
- Հոգեբանական կամ նյարդաբանական խնդիրներ:
Ստորին միզուղիների ախտանիշների և/կամ շագանակագեղձի ադենոմայի ժամանակ ցավոտ սերմնաժայթքում դիտվում է մինչև 23% դեպքերում: Նման հիվանդների մոտ կարող է դիտվել նաև սերմնահեղուկի ծավալի նվազում:
Հակադեպրեսանտ դեղամիջոցները նույնպես կարող են բերել ցավոտ սերմնաժայթքման, ինչպես նաև սեռական թուլության և սեռական ցանկության նվազման:
Ինչպե՞ս կարող է արտահայտվել ցավոտ սերմնաժայթքումը:
- Ցավը դիտվում է սերմնաժայթքման ընթացքում կամ անմիջապես հետո:
- Ցավը դիտվում է առնանդամի, միզապարկի կամ ուղիղ աղիքի շրջանում:
- Ցավը կարող է լինել հարաբերությունից հետո միզարձակման ժամանակ:
- Ցավը կարող է տևել մի քանի րոպեից մինչև 24 ժամ և ունենալ միջին կամ բարձր ուժգնություն:
Ինչպե՞ս է բուժվում ցավոտ սերմնաժայթքումը:
Նախ պետք է հայտնաբերել ցավոտ սերմնաժայթքման պատճառը: վերոնշյալ հիվանդությունների հայտնաբերման դեպքում վերջիններիս բուժումը կարող է վերացնել ցավոտ սերմնաժայթքման գանգատը:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ շագանակագեղձի ադենոմայի բուժման նպատակով նշանակված ալֆա ադրենոբլոկատորները նույնպես կարող են առաջացնել ցավոտ սերմնաժայթքում: