Խլամիդիան տարբերավում է մյուս միկրոօրգանիզմներից իր կենսագործունեության յուրահատուկ շրջանով: Այս օղակը ներառում է խլամիդիայի ներբջջային և արտաբջջային պայմաններում հարմարված ձևերի իրար հաջորդող կենսակերպով: Այս պատճառով խլամիդիան չի կարող գոյատևել արտաքին պայմաններում կամ արհեստական սննդային միջավայրերում: Քանի որ խլամիդիան չունի էներգիայի արտադրման հնարավորություն, ապա այն օգտվում է այն օրգանիզմից ռեսուրսներից, որտեղ բնակվում է:
Խլամիդիայի վերաբերյալ պատմական գրառումներ կան դեռևս անտիկ եգիպտական պապիրուսներում, սակայն խլամիդիայի հարուցիչը առաջին անգամ հայտնաբերվել է 1907թ – ին: Հաջորդող տարիներին հայտնաբերվել են խլամիդիայի մի շարք տեսակներ, սակայն մարդու օրգանիզմում ախտաբանական գործունեություն է ունենում խլամիդիայի Chlamydia tracomatis տեսակը:
Ինչպե՞ս է փոխանցվում խլամիդիայի հարուցիչը
Խլամիդիայի տարածման առավել հաճախ եղանակը սեռական ճանապարհով փոխանցումն է: Նախկինում, երբ տարածված էր խլամիդիայի լիմֆոգրանուլոմա վեներում կլինիկական ձևը, այն փոխանցվում էր գրանուլոմաներից կոնտակտային եղանակով:
Խլամիդիան կարող է փոխանցվել նաև սեռական օրգանների հեղուկի – ձեռքերի միջոցով աչքեր անցման եղանակով, որի ժամանակ առաջանում է կոնյուկտիվիտ, կերատիտ և տրախոմա:
Խլամիդիան նաև կարող է փոխանցվել մայրական օրգանիզմից նորածնին ծննդաբերական ուղիներով անցման ժամանակ:
Էնդեմիկ օջախներում խլամիդիայի հարուցիչը կարող է փոխանցվել նաև երեխաների միջև հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով:
Խլամիդիայի կենսագործունեության ցիկլը
Ինչպես վերը նշվել է, խլամիդիան տարբերվում է մյուս հարուցիչներից իր առանձնակի ներ և արտաբջջային ձևերով: Արտաբջջային ձևը, որը կոչվում է էլեմենտար մարմին, հարմարված է բջջից դուրս կենսագործունեության համար, և այս ձևն է փոխանցվում օրգանիզմների միջև: Այն անցնելով նոր օրգանիզմ ներթափանցում է բջիջ և կազմափոխվում է ռետիկուլյար մարմնի կամ հիմնական մարմնի, որը սինթեզում է իր սեփական ԴՆԹ – ն, ՌՆԹ – ն և ունակ է բազմացման: Ներբջջային ցիկլը ավարտվելուց հետո բջիջը մահանում է, և նոր էլեմենտար մարմինները թափանցում են հարևան բջիջներ, ասպիսով շարունակելով խլամիդիայի կենսագործունեության ցիկլը:
Խլամիդիայի ախտորոշումը
Բուժառուի մոտ խլամիդիայի ախտորոշման համար առաջին հերթին պետք է հաշվի առնել ունեցաց կասկածելի սեռական հարաբերությունները: Տղամարդկանց մոտ կարող են դիտվել միզուկի, մակամորձու, ուղիղ աղու բորբոքմանը բնորոշ գանգատներ, իսկ կանանց մոտ՝ արգանդի վզիկի, միզուկի, Բարտոլինյան գեղձի բորբոքման պատկեր: Այնուամենայնիվ, խլամիդիայով վարակված հիվանդների մոտ ոչ միշտ են դիտվում գանագտներ:
ՊՇՌ հետազոտության ներդրումը կլինիկական պրակտիկա զգալիորեն բարելավեց վարակների ախտորոշումը: Խլամիդիայի ախտորոշման համար վերոնշյալ մեթոդի ճշգրտությունը ամենաբարձրն է:
Ինչպե՞ս է բուժվում խլամիդիան
Խլամիդիայի բուժումը կատարվում է հակաբիոտիկների միջոցով: Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից: Դեղորայքը ընդունել պատշաճ կերպով: Խուսափել ալկոհոլի ընդունումից: Նաև պետք է բուժման ենթարկվի զուգընկերը հետագա վերավարակումներից խուսափելու համար:
Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե հիվանդը չբուժվի
Չբուժված խլամիդիան կարող է բերել ծանր բարդությունների, մասնավորապես՝
Կանանց մոտ – կոնքի բորբոքային հիվանդություններ, որը կարող է բերել անպտղության, էկտոպիկ հղիության, քրոնիկ կոնքային ցավերի:
Տղամարդկանց մոտ – միզուկի քրոնիկական բորբոքում, մակամորձու բորբոքում, անպտղություն:
Նորածինների մոտ մորից վարակի դեպքում – թոքաբորբ, կոնյուկտիվիտ:
Կանխարգելում
- Օգտագործեք պահպանակ կասկածելի սեռական հարաբերության ժամանակ:
- Ունեցեք մեկ վստահելի զուգընկեր:
- Եթե ունեք նոր կամ մի քանի զուգընկերներ, ապա պարբերաբար ստուգվեք:
Ե՞րբ դիմել բժշկի
Դիմեք բժշկի եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը կամ կասկածելի սեռական հարաբերություն եք ունեցել առանց պաշտպանիչ միջոցների: Խլաիդիան բուժելի է, սակայն ուշացած ախտորոշման դեպքերում կարող է բերել անդառնալի հետևանքների: