Տեսադարան

Medroom Տեսանյութեր

Գիտականորեն հիմնավորված բժշկական տեսանյութեր

3
Տեսանյութեր
6
Բժիշկներ
2
Խմբեր
Անոթային վիրաբուժություն Սրտաբանություն Ուրոլոգիա Ատամնաբուժություն Գաստրոէնտերոլոգիա

Երիկամի քար. առաջացման փուլերը և կանխարգելման խորհուրդներ

Միզաքարային հիվանդությունը լայնորեն տարածված է ողջ աշխարհում և կախված տարածաշրջանից կենսակերպից, սովորություններից և մի շարք այլ գործոններից այն կարող է հանդիպել 1 – 25% բնակչության մոտ, միջինում կազմելով 10%:

Երիկամներում քարի առաջացումը տեղի է ունենում մի շարք փուլերի հաջորդականությամբ:

Սկզբնական փուլերում առաջանում են ավազահատիկներ, որոնք կարող են չմեծանալ, և որևէ գանգատ չառաջացնել, կամ մեծանալու դեպքում առաջացնել սուր և բութ բնույթի ցավեր, արյունամիզություն, ջերմության բարձրացում, միզուղիների խցանում և այլն: Երիկամային քարերի առաջացման պատճառներն ու փուլերը հասկանալը թույլ է տալիս կանխարգելել քարերի առաջացումը: 

Երիկամում քարի առաջացման փուլերը

Երիկամներում քարերի ձևավորման գործընթացը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, երբեմն տարիներ, և քարի առաջացման համար անհրաժեշտ են հետևյալ փուլերը՝

Փուլ 1. Մեզի գերհագեցում կամ սուպերսատուրացիա

Մեզի գերհագեցած լուծույթ առաջանում է, եթե լուծված աղերի քանակը գերազանցում է սահմանաչափը: Գերհագեցած լուծույթները անկայուն են, և կարճ ժամանակում ավելորդ լուծված աղերը անջատվում են լուծույթից:

- Այս փուլում որևէ գանգատներ չեն դիտվում:

- Կարևոր է հեղուկների շատ օգտագործումը, հետագա փուլերի զարգացումը կանխելու համար:

Փուլ 2. Բյուրեղների կորիզների ձևավորում

Միկրոբյուրեղները, որոնք ձևավորվում են ավելորդ լուծված աղերի լուծույթից անջատումից, նպաստում են կորիզի ձևավորմանը:

- Այս փուլում նույնպես բուժառուն գանգատներ չի ունենում:

- Սննդակարգի և հիդրացիայի ճիշտ վերահսկողությունը կարող է կանխել հետագա փուլերի զարգացումը:

Փուլ 3. Բյուրեղների մեծացում

Միկրոբյուրեղները վերածվում են ավելի մեծ բյուրեղների:

- Գանգատներ չեն դիտվում:

- Խորհուրդ է տրվում ընդունել շատ հեղուկներ, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն:

Փուլ 4. Բյուրեղների ագրեգացիա (միացում)

Այս փուլում բյուրեղները միանալով իրար վեր են ածվում ավազահատիկների:

- Հնարավոր է բուժառուի մոտ դիտվեն գոտկային շրջանի սուր կամ բութ բնույթի ցավեր: Եթե ավազահատիկները խցանեն միզածորանը կարող է ցավերից բացի նաև դիտվել արյունամիզություն, երբեմն դող, սարսուռ:

- Գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Փուլ 5. Ավազահատիկների կամ մանր քարերի պահպանում երիկամում

Մեծամասամբ ավազահատիկները առանց գանգատների դուրս են գալիս մեզի միջոցով, սակայն որոշ դեպքերում կարող են պահպանվել երիկամներում մեծանալով և վերածվելով ավելի մեծ քարերի: Իսկ ինչու՞ են ավազահատիկները պահպանվում երիկամներում:

Մի շարք տեսություններ փորձել են տալ այդ խնդրի բացատրությունը՝

- Ավազահատիկների կպչուն հատկության շնորհիվ:

- Երիկամներից մեզի արտահոսքի խանգարման պատճառով:

- Ավազահատիկների առաջացում ենթալորձաթաղանթային շերտում – Ռենդելի տեսությունը:

- Ավազահատիկների կամ քարերի պահպանմանը երիկամում նպաստում է նաև պասիվ կենսակերպը:

Փուլ 6. Երիկամներում ավազահատիկների մեծացում քարերի ձևավորմամբ

Եթե ավազահատիկները վերոնշյալ մեխանիզմներով պայմանավորված դուրս չեն գալիս երիկաներից, ապա ձևավորում են մեծ քարեր:

- Այս փուլում, եթե քարը առաջացնում է երիկամից մեզի արտահոսքի խանգարում, ապա կարող են դիտվել սուր և բութ բնույթի ցավեր, արյունամիզություն, դող, սարսուռ, ջերմության բարձրացում:

- Իսկ քարի պահպանումը երիկամում կարող է նպաստել քրոնիկ միզային ինֆեկցիայի զարգացմանը:

- Գանգատների ինչպես նաև պորֆիլակտիկ հետազոտության ժամանակ քարերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել ուրոլոգի հետ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Երիկամներում քարերի առաջացման պատճառները

Երիկամում քարի առաջացմանը նպաստող գործոնները բազմազան են, որոնց վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում:

Կանխարգելման խորհուրդներ

Երիկամներում քարերի առաջացումը մեծամասամբ կարելի է կանխարգելել՝ հետևելով պարզ կանոնների.

- Համապատասխան ջրային ռեժիմ – օրական ընդունել առնվազն 1,5–2 լիտր հեղուկ:

- Սննդակարգի փոփոխություն – սննդակարգը կախված է քարի բաղադրությունից: Եթե նախկինում տեղի է ունեցել մեզի հետ քարի արտահոսք կամ քարափշրումից հետո առկա են քարի նմուշներ, ապա անհրաժեշտ է կատարել քարի քիմիական բաղադրության հետազոտություն, որը կօգնի սննդակարգի հետ կապված խորհուրդներին:

- Ֆիզիկական ակտիվություն – շարժումը նպաստում է միկրոբյուրեղների և ավազահատիկների երիկամից դուրս բերմանը՝ կանխելով երիկամում քարի առաջացումը:

- Դեղորայքային խորհրդատվություն – որոշ դեպքերում ուրոլոգը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են երիկամում քարի առաջացման հավանականությունը:

- Կանխարգելիչ հետազոտություններ –տարեկան 1–2 անգամ միզային համակարգի հետազոտություններ:

Ե՞րբ դիմել բժշկի

Նշված դեպքերում պետք է անմիջապես դիմել ուրոլոգի.

- Սուր կամ բութ բնույթի ցավեր գոտկատեղում, որովայնի կամ աճուկային շրջանում:

- Արյունամիզություն:

- Դող, սարսուռ

- Բարձր ջերմություն:

- Միզելու դժվարություն կամ հաճախակի ցավ:

Եզրակացություն

Երիկամային քարերի առաջացումը երկարատև և փուլային գործընթաց է, որը մեծամասամբ կարելի է կանխարգելել, եթե ուշադրություն դարձնենք սննդակարգին, ջրային ռեժիմին և առողջության կանոնավոր ստուգումներին: Եթե հետազոտութոյւնների արդյունքում արդեն հայտնաբերվել է քար երիկամում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել ուրոլոգի հետ հետագա բարդություններից խուսափելու համար:

Երբ հասկանում ենք երիկամում քարի առաջացման փուլերը և հետևում կանխարգելիչ քայլերին՝ կարող ենք պահպանել երիկամների առողջությունը և նվազեցնել միզաքարային հիվանդության առաջացման ինչպես նաև բարդությունների ռիսկը:

Այս հոդվածի վերաբերյալ տեսանյութ կարող եք դիտել հետևյալ հղումով:

Երիքամի քար, երիկամի քարի կանխարգելում, երիկամի քարի առաջացման փուլերը
235 դիտում
28
Երիկամի և միզածորանի քարերի փշրում