Շագանակագեղձի կիստաները բարակ պատերով հեղուկ պարունակությամբ բարորակ գոյացություններ են, որոնք հանդիպում են 0,5 – 7,9% դեպքերում: Մեծամասամբ շագանակագեղձի կիստաները հայտնաբերվում են պատահական՝ շագանակագեղձի հետազոտությունների կամ շագանակագեղձի ՏՈւՌ վիրահատության ժամանակ:
Շագանակագեղձի կիստաները լինում են բնածին և ձեռքբերովի:
Շագանակագեղձի բնածին կիստաները կարող են առաջանալ Մյուլլերյան կառուցվածքներից՝ Մյուլլերյան ծորանի կիստաներ, շագանակագեղձի արգանդիկի կիստաներ, ինչպես նաև Վոլֆյան կառուցվածքներից՝ էյակուլյատոր ծորանի և սերմնապարկերի կիստաներ:
Շագանակագեղձի լայնացած արգանդիկը հետին միզուկում դիվերտիկուլանման արտափքում է, որը մեծամասամբ լինում է սերմնաթմբիկի մակարդակին: Այս խնդիրը հաճախ զուգակցվում է այլ բնածին անոմալիաներով՝ հիպոսպադիա, գաղտնամորձություն (կրիպտօրխիզմ), միզուկի բնածին պոլիպներ:
Մյուլլերյան կիստաները նույնպես կարող են ունենալ կենտրոնական դասավորություն, և կիստայի վզիկը բացվում է սերմնաթմբիկի մակարդակին: Այս կիստաների դեպքում երբեմն դիտվում է միևնույն կողմի երիկամի բնածին չզարգացվածություն:
Շագանակագեղձի կողմնային դասավորություն ունեցող կիստաները Վոլֆյան ծագման են՝ սերմնածորանի և սերմնապարկերի կիստաներ: Սովորաբար այս կիստաները ավելի փոքր չափերի են և կարող են առաջացնել էյակուլյատոր ծորանի խցանում բերելով ազոոսպերմիայի: Շագանակագեղձի վերոնշյալ կիստաների դեպքում հաճախ հանդիպում է միևնույն կողմի երիկամի բնածին ագենեզիա:
Շագանակագեղձի կիստաների տեսակներից է նաև շագանակագեղձի ադենոմայի արդյունքում առաջացած հեմոռագիկ կիստաները:
Որո՞նք են շագանակագեղձի կիստայի առաջացման պատճառները:
Շագանակագեղձի բնածին կիստաները առաջանում են Մյուլլերյան կամ Վոլֆյան կառուցվածքներից զարգացման խանգարման արդյունքում:
Շագանակագեղձի ձեռքբերովի կիստաները կարող են առաջանալ շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ), շագանակագեղձի ադենոմայի, սերմնածորանի խցանման, շագանագեղձի ատրոֆիայի ժամանակ:
Ի՞նչ կլինիկական նշաններ են դիտվում շագանակագեղձի կիստայի ժամանակ:
Շագանակագեղձի կիստան 95% դեպքերում որևէ խնդիր չի առաջացնում, սակայն մնացած դեպքերում կարող են դիտվել՝
- Միզարձակման օբստրուկտիվ ախտանիշներ (Օր. Դժվարամիզություն, մեզի շիթի թուլացում) – 40% դեպքերում:
- Սուր միզակապություն – 33% դեպքերում:
- Ստորին միզուղիների կամ սերմուղիների ինֆեկցիաներ (Օր. Պրոստատիտ, էպիդիդիմիտ) – 12% դեպքերում:
- Ցավոտ միզարձակություն – 9% դեպքերում:
- Անպտղություն – 6% դեպքերում:
- Հեմատոսպերմիա – 2% դեպքերում:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ շագանակագեղձի կիստայի ախտորոշման համար:
Հիվանդի մոտ շագանակագեղձի կիստա կարելի է կասկածել վերոնշյալ գանգատների առկայության դեպքում:
Սակայն վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել միզուղիների գերձայնային հետազոտություն (ցանկալի է տրանսռեկտալ), համակարգչային շերտագրում կամ մագնիսա - ռեզոնանսային տոմոգրաֆիա:
Շագանակագեղձի կիստայի բուժման ի՞նչ եղանականեր կան:
Շագանակագեղձի կիստան բուժվում է վիրահատական եղանակներով, որոնցից առավել արդյունավետ են հետևյալ եղանակները՝
- Շագանակագեղձի կիստայի տրանսռեկտալ կամ տրանսպերինեալ պունկցիա՝ սկլերանտ լուծույթի ներարկումով:
- Շագանակագեղձի կիստայի տրանսուրետրալ ռեզեկցիա: