Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Երիկամի բիոպսիա

Ինչ է երիկամի բիոպսիան ?

Երիկամի բիոպսիան միջամտություն է, որի ժամանակ երիկամից վերցվում է մեկ կամ մի քանի նմուշ և ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության երիկամի հիվանդության ճշգրիտ ախտորոշման նպատակով: 

Որ դեպքերում է հնարավոր երիկամի բիոպսիա կատարման անհրաժեշտություն ?

- Շարունակական արյունամիզություն:

- Մեզի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա):

- Երիկամների հիվանդություններ, որոնց ժամանակ արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության արգասիքների մակարդակը (Օր. կրեատինին):

- Երիկամի գոյացության ժամանակ՝ բնույթը որոշելու նպատակով: 

Որն է երիկամի բիոպսիայի կատարման նպատակը ?

- Ախտորոշել երիկամի հիվանդությունը, որը այլ մեթոդներով հնարավոր չի լինում ախտորոշել:

- Երիկամի բիոպսիան օգնում է կազմել բուժման պլանը:

- Որոշել թե ինչքան արագ է զարգանում երիկամի հիվանդությունը:

- Օգնում է գնահատել երիկամի բուժման արդյունավետությունը:

- Օգնում է հսկել փոխպատվաստված երիկամի աշխատանքը, կամ գտնել երիկամի շգործելու պատճառը: 

Ինչ է կատարվում նախավիրահատական շրջանում ?

Հիվանդը մանրամասն բժշկին պետք է ներկայացնի իր հիվանդության պատմությունը, նախկինում կրած կամ զուգահեռ ընթացող բոլոր հիվանդությունների կամ տարած վիրահատությունների մասին: Եթե հիվանդի մոտ առկա է զարկերակային գերճնշում (զարկերակային ճնշման բարձրացում) կամ հիվանդը ընդունում է հակամակարդիչ դեղորայք, ապա վերոնշյալ գործոնները կարող են նպաստել հետվիրահատական շրջանում արյունային բարդությունների առաջացմանը: Հետևաբար հիվանդին կարիք է լինում նախապատրաստել. Նշանակվում է զարկերակային ճնշումը կարգավորող դեղորայք, ժամանակավորապես հանվում են կամ փոխարինվում են հակամակարդիչ պրեպարատները: Հանվում են ոչ ստերոիդ հակաբորբոքիչ պրեպարատները: 

Երիկամի բիոպսիայի ընթացքը 

Երիկամի բիոպսիան կատարվում է սեդատիվ կամ ընդհանուր անզգայացման ներքո:

Ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո դեպի երիկամ է անց կացվում ասեղ – ատրճանակը, որի օգնությամբ երիկամից վերցվում են կտորներ:

Միջամտությունը տևում է մոտ 15  րոպե, որից հետո հիվանդը մի քանի ժամ մնում է կլինիկայում բժշկի հսկողության տակ:

Հաջորդող երկու շաբաթների ընթացքում արգելվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն: 

Ինչ կողմնակի երևույթներ կարող են դիտվել երիկամի բիոպսիայի հաջորդող օրերին ?

- Արյունային արտադրություն ծակված հատվածից, որը լինում է աննշան:

- Ցավոտություն, որը անցնում է հաջորդող օրերի ընթացքում:

- Ինֆեկցիոն բարդություններ, որոնք դիտվում են շատ հազվադեպ:

Այսպիսով երիկամի բիոպսիան համեմատաբար անվնաս միջամտություն է, որի միջոցով կարելի է ստանալ երիկամի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը ուրիշ ոչ մի հետազոտությամբ հնարավոր չէ ստանալ:

Երիկամի բիոպսիա
2935 դիտում
386